Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեր գործը սիրելն է` Աստծուն նմանվելը, Նրա պատկերը մեր մեջ վերականգնելը

Մեր գործը սիրելն է` Աստծուն նմանվելը, Նրա պատկերը  մեր մեջ վերականգնելը
14.10.2016 | 08:04

Մտե՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը, և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը, և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն (Մատթ. 7.13-14)։
Այսօրվա ինքնակոչ «քրիստոնեական եկեղեցիները» արմատներով հասնում են ոչ թե մինչև առաքյալներ կամ մեր թվարկության առաջին դար, մինչև Քրիստոս, այլ ընդամենը` մինչև 16-րդ դար, մինչև Մարտին Լյութեր (1483-1546 թթ.), մարդ, որը հավակնեց «բարեփոխել» Քրիստոսի Սուրբ Արյամբ հիմնված Եկեղեցին:


Իրականում նա ոչ թե բարեփոխեց, քանզի անհնար է բարեփոխել կատարյալ բարին, այլ այլափոխեց` հիմնելով անընդհատ ճյուղավորվող մի կազմակերպություն:
Մերժելով սրբերի բարեխոսությունն ու մասունքների պաշտամունքը, եկեղեցական նվիրապետությունը և սուրբ ավանդությունը` նա մերժեց փրկությունը և հենց Փրկչին: Նա հայտարարեց, թե ընդունում է միայն Սուրբ գիրքը, սակայն իրականում ստեղծեց իր սուրբ գիրքը և իր ավանդությունը: Քանի որ Եկեղեցին իմունիտետ ուներ աղանդների դեմ, դա արդեն անօգուտ մեթոդ էր, պետք էր նոր մեթոդ մոգոնել, և մոգոնողը մոգոնեց... նոր «եկեղեցի»` առանց Քրիստոսի: «Ճշմարիտ եկեղեցին մշտապես բարեփոխվող եկեղեցին է»,- ասում էր Լյութերը, ես միանգամայն համաձայն եմ, քանզի Տերը ինքը ասում էր. «Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է: Ամեն ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն, և այն ամենը, որ պտուղ է տալիս, էտում է, որպեսզի առավել ևս պտղաբեր լինի»: Բարեփոխումը հենց այդ էտումն է, բայց էտում են ավելորդ ճյուղերը, ոչ թե բունը կամ արմատը, ինչը և արեց Լյութերը: Իսկ այդ մասին Տերը ասում է. «Մնացեք իմ մեջ, և ես ձեր մեջ. ինչպես ճյուղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթե որթատունկի վրա հաստատված չլինի, նույնպես և դուք, եթե ինձ վրա հաստատված չլինեք: Ես եմ որթատունկը, իսկ դուք` ճյուղերը: Ով բնակվում է իմ մեջ, և ես` նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15. 4-1):

Այն, ինչ արեց Լյութերը Գերմանիայում, իր ժամանակին արեցին մեր մեծագույն սրբերը` Գրիգոր Լուսավորիչը` հիմնելով առաքելական, բայց անկախ ու ազգային նկարագիր ունեցող եկեղեցի, Մեսրոպ Մաշտոցը` Աստծո զորակցությամբ և Սահակ Մեծի ու Վռամշապուհ արքայի օժանդակությամբ ստեղծելով հայոց այբուբենը և սկիզբ դնելով հայ ինքնուրույն գրականությանը, երբ առաջնահերթ թարգմանեց հենց Սուրբ գիրքը և առաջին նորաբաց դպրոցներում սկսեց կրթել հայ մանուկներին: Հայ մարդը, կարծես, կարիքը չպիտի ունենար բողոքական «ազատական» գաղափարների, քանի որ միայն հայերեն հնչող Աստվածաշունչը դարեր ի վեր խոսել է հայ մարդու սրտի հետ՝ հաշվի նստել թե՛ մեծի, թե՛ փոքրի, թե՛ հարուստի, թե՛ աղքատի հոգեմտավոր կարողությունների հետ: Եվ հասարակ հայ մարդը չի զգացել անգամ հայ հանճարեղ աստվածաբանական մտքի կարիքը, որովհետև Աստվածաշունչը, շատ խոր լինելով հանդերձ, նաև չափազանց պարզ է ամեն մեկի համար: Հասկանալի է, որ կաթոլիկ եկեղեցու եկեղեցապետական կարգավիճակը (թեև մեր եկեղեցին 6 դար շարունակ նույն կարգավիճակում է եղել) կարող էր բավարար պատճառ հանդիսանալ նման ծայրահեղ քայլերի համար` մերժել եկեղեցու նվիրապետությունը, խորհուրդները` որպես այդպիսին, սրբերի` հաղթանակած Եկեղեցու բարեխոսությունը, բայց այդ ամենի մերժումը ուղղակիորեն Եկեղեցու մերժումն է, իսկ Եկեղեցին մեր միակ փրկության տապանն է:

Չեմ խոսում այն մասին, որ նրանք վիճարկում են Աստվածամոր մշտակույս սրբությունը: «Եվ Հիսուս շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, մեկը նրան ասաց. «Տե՛ր, սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են»: Եվ Նա նրանց ասաց. «Ջանացե՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա: Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսեք դուռը բախել և ասել. «Տե՛ր, Տե՛ր, բա՛ց մեզ համար», իսկ նա պատասխանելով կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք»: Այն ժամանակ կսկսեք ասել. «Մենք քո առաջ կերանք և խմեցինք, և Դու հրապարակներում ուսուցանեցիր»: Եվ տանտերը կասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թե որտեղից եք. հեռացե՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրավ մշակներդ: Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծո արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված» (Ղուկ. 13.22-30): Ղուկասի ավետարանի այս հատվածը շատ հստակ ասում է՝ փրկությունը սակավաթիվ նախանձախնդիրների, խիզախների, հավատարիմների մենաշնորհն է, մենաշնորհը նրանց, ովքեր իրենց վատ չեն զգա` Արքայության մեջ փառքով պսակված տեսնելով Աստծո Մորը և բոլոր սրբերին: Իսկ Սողոմոնի առակների այս հատվածը պարզաբանում է ոմանց համար Եկեղեցու սյուների` սուրբ խորհուրդների կարևորությունը. «Իմաստությունը շինեց իր տունը և կանգնեցրեց յոթ սյուներ, մորթեց իր անասունները, խառնեց, պատրաստեց գինին, պատրաստեց նաև իր սեղանը: Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրավիրեն իր հացկերույթին, և ասաց. «Ով անզգամ է, թող գա ինձ մոտ»: Իսկ պակասամիտներին ասաց. «Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: Թողե՛ք հիմարությունը և դուք կապրեք, իմաստությո՛ւն փնտրեցեք, և դուք կփրկվեք, իմացությա՛մբ ուղղեցեք ձեր խոհեմությունը և ճի՛շտ իմաստով հասկացեք խրատը» (Առակ. 9. 1-6):


Հիսուսի հավատավոր ու շնորհաշատ «եղբայրներին էլ» ազդարարում է առաքյալը. «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է: Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրինություն եք գործում» (Մատթ. 7.21-23)։
Դեռևս քրիստոնեության արշալույսին Տեառնեղբայր Հակոբոս առաքյալը ասում էր. «Ցույց տվեք ինձ ձեր հավատը առանց գործերի, և ես ցույց կտամ իմ հավատը` գործերով» (Հակ. 2.18): Առանց գործերի հավատը մի տեսակ անտեսանելի, անհասկանալի և անիմաստ հավատ է, քանզի «դևերն էլ են հավատում և դողում» (Հակ. 2.19): Որևէ հակասություն չկա Պողոս առաքյալի խոսքերի հետ: Նրանք ոչ թե խնդրին տարբեր կերպ են մոտենում, այլ իրականում տարբեր խնդիրների մասին են խոսում, թեև խոսում են նույն Աբրահամի հավատի մասին: Մեկնաբանենք. մենք գործերով չենք արդարանում, այլ արդարացնում ենք մեզ արդարացնող հավատը, որը ևս Աստծուց տրված շնորհ է, քանզի մեր մեջ որևէ բարի բան չկա, այլ ամեն բարիք ստանում ենք Կատարյալ Բարուց: Մենք գործերով չենք արդարանում, քանզի շատ գործ էլ չունենք անելու, որովհետև Տերը մի գործ պատվիրեց անել՝ սիրեցե՛ք միմյանց (Հովհ. 15): Մեր գործը սիրելն է` Աստծուն նմանվելը, Նրա պատկերը մեր մեջ վերականգնելը: Մենք սիրելով չենք արդարանում, արդարանալ պետք է մինչև սիրելը, քանզի անարդարը, եթե անգամ կարող է սիրել, ապա ճիշտ սիրել հաստատ չի կարող, որովհետև մեղքը հենց սխալ նպատակակետի ուղղված սերն է: Արդարանում ենք մինչև սիրելը` Արդարի հանդեպ հավատով, որի` Աստծո կողմից մեզ տվչությունը` որպես շնորհ, արդարացնում ենք գործելով` սիրելով միմյանց: Այնպես որ, երբ բողոքավոր բողոքականները այդպես պարծենում են իրենց «հավատով», որով «արդարանում» են, մի պահ թող խորհեն այն մասին, թե արդյո՞ք ունեն իսկապես Աստծուց շնորհված փրկարար հավատ: Բողոքականները մերժում են Եկեղեցին, որը, իբր, դավանում են. անհեթեթ բան է ստացվում:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ